«Կենտրոն» հեռուստաընկերությամբ «ՈՒրվագիծ» հաղորդաշարի հյուրը «Քաղաքացիական պայմանագրի» համակարգող խորհրդի անդամներ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ու Մարինե Մանուչարյանն էին: Սասուն Միքայելյանը բացատրում էր, թե ինչու է միացել այդ պայմանագրին, որոնք են եղել մինչ օրս ընդդիմության պարտության պատճառները, ինչ են պատրաստվում անելու:
«Քաղաքացիական պայմանագրի» մեկնարկին ներկա էին մարդիկ, որոնք տարիներ շարունակ գնացել են ընդդիմադիր առաջնորդների հետևից, օր ու գիշեր չեն լքել Ազատության հրապարակը, սակայն այսօր չեն տեսնում փոփոխությունների շանս: Երբ նախօրեին փորձեցի նրանցից ոմանց կարծիքներն իմանալ, գրի առնել, պատասխանը հետևյալն էր՝ «Սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի հետո»: Անկախ այն բանից՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կվերածվի՞ կուսակցության, թե՞ ոչ, պետք է նա քաղաքական դաշտ ներմուծի մարդկային, քաղաքացիական հարաբերությունների նոր մշակույթ: Հայաստանի քաղաքացին անկախության տարիներին ի հայտ եկած բոլոր կուսակցություններում տեսել է միայն հիերարխիկ հարաբերություններ, տեսել է, թե ինչպիսի, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել միջկուսակցական հարաբերություններում և հենց միևնույն կուսակցության, քաղաքական միավորման ներսում, որտեղ առանձին անհատներ ունեցել են մեծամասնությունից տարբերվող կարծիք: Այդ կուսակցությունները կա՛մ պատմության գիրկն են անցել, կա՛մ էլ, մաշելով ժողովրդական ռեսուրսն ու կորցնելով հանրության վստահությունը, այսօր արհամարհանքի են արժանանում իրենց երբեմնի համակիրների կողմից: Եվ այստեղ խնդիրն այն է, որ անգամ նորաստեղծ կուսակցությունները գնացել են տրորված ճանապարհով՝ չմտածելով հանրությանն ուղղելիք նոր խոսքի, ուղերձների մասին, որոնք բովանդակային առումով կարող էին տարբերվել իշխանական կարծրացած պատկերացումներից ու մոտեցումներից: Իսկ հանրությունը վաղ թե ուշ զգում է, թե ինչպես են իրեն օգտագործում խմբակային, կլանային, ազգակցական շահերի համար և նման կուսակցություններին հակադարձում է փոխադարձ վերաբերմունքով: Եվ հիմա նորաստեղծ ուժի խնդիրը պետք է լինի առաջին հերթին ազգակցական, կլանային, խմբակային հարաբերությունների ավանդույթը ջարդելը, որը ստեղծվել է Հայաստանի անկախացումից հետո և արմատավորվել բոլոր կուսակցություններում, հասարակական կյանքի հարաբերություններում անխտիր: Նրա խնդիրը պետք է լինի ոչ թե ընդհանրական ելույթներով ու տեքստերով քաղաքացուն արժևորելը, ինադու իշխանությունների՝ այդ քաղաքացուն Ազատության հրապարակ բերելն ու ի ցույց դնելը, որ տվյալ քաղաքական ուժն ունի համակիրների բանակ, այլ՝ գործնականում քաղաքացու խնդիրներին հաղորդակից լինելը, մատն ամեն պահ նրա զարկերակի վրա պահելը: Չէ՞ որ, մինչ այժմ մենք ականատես ենք եղել, որ միայն իշխանության նկատմամբ ատելությունը երկրում փոփոխությունների չի հասցրել՝բացի իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժերի կարճաժամկետ դիվիդենդներ բերելուց:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ